Concours Mondial de Bruxelles-ի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային լրատվամիջոցների ավելի քան 30 ներկայացուցիչ Գրին Ռոքի հյուրընկալությամբ այցելել են Դիլիջան։ Նրանք ծանոթացել են քաղաքի զարգացման տեսլականին և իրականացվող ռազմավարական նախագծերին։
Այցի ընթացքում հյուրերին ներկայացվել են Դիլիջանի պատմությունը, զարգացման դինամիկան և Գրին Ռոքի կողմից իրականացվող նախաձեռնությունները, որոնք միտված են քաղաքը դարձնել ոչ միայն Հայաստանի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը, այլև տարածաշրջանային կարևոր զբոսաշրջային հանգույց։
Հյուրերի առաջին կանգառը Գրին Ռոքի և Beckman Group-ի համագործակցությամբ ստեղծված նորաբաց Cabinet Cafe-restaurant-ն էր։ Ողջունելով հյուրերին՝ Գրին Ռոքի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշեց, որ նրանք սրճարանի առաջին այցելուներն են և վստահություն հայտնեց, որ նրանց ներկայությունը հաջողություն կբերի նորաբաց վայրին։
Այնուհետև ներկայացվեցին Գրին Ռոքի ռազմավարական ուղղությունները, ընթացիկ նախաձեռնություններն ու Դիլիջանում իրականացվող հիմնական նախագծերը։ Կատերինա Դանեկինան խոսեց նաև Գրին Ռոքի բազմաֆունկցիոնալ համալիրի մասին, որը միավորում է մշակույթ, զբոսաշրջություն, կրթություն և աշխատանք՝ Դիլիջանը դարձնելով տարվա բոլոր եղանակներին պահանջված ուղղություն։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զառա Մուրադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար՝ ընդգծելով ռազմավարական գործընկերների կարևոր դերը Հայաստանի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերում։
Մայիսի 19-23-ը Green Rock-ը մասնակցել է համաշխարհային հեղինակություն ունեցող Concours Mondial de Bruxelles-ին, որը 2025 թվականին առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը հյուրընկալել է աշխարհի ամենահեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ ամրապնդելով իր դիրքը որպես գինեգործական ավանդույթների և ժամանակակից որակի համադրման կենտրոն։
Գինու տուրիզմը տարածաշրջանային զարգացման կարևոր շարժիչ ուժերից է, և հենց այդ պատճառով Գրին Ռոք Հիւմնադրամի նախաձեռնած Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի ուսանողները ներգրավված էին մրցույթի կամավորական աշխատանքներում։











