Դիլիջանը կդառնա միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ. հոկտեմբերի 9-11 քաղաքում կանցկացվի TRF 2026-ը

Հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանը կհյուրընկալի Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, ֆինանսների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ TRF-ը Դիլիջանում կանցկացվի երկրորդ անգամ՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։

Այս տարվա TRF-ի օրակարգը ձևավորվելու է «Երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններ» (Destinations Built to Last) գաղափարի շուրջ՝ անդրադառնալով քաղաքների և զբոսաշրջային ուղղությունների կայուն ու երկարաժամկետ զարգացմանը։ Ֆորումը կանցկացվի փակ ձևաչափով՝ շուրջ 150 ոլորտի առաջնորդների և մասնագետների մասնակցությամբ։ Երեք օրվա ընթացքում Դիլիջանը կդառնա զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մասնագիտական երկխոսության հարթակ՝ քննարկելով ոչ միայն այցելությունների աճը, այլև այն, թե ինչպես կարող են քաղաքներն ու ուղղությունները երկարաժամկետ արժեք ստեղծել բնակիչների, բիզնեսի և տնտեսության համար։

Հոկտեմբերի 10-ին՝ Մոնթե Մելքոնյան վարժարանում, տեղի կունենա TRF 2026-ի բացման պաշտոնական արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը, իսկ Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան հանդես կգա բացման ելույթով՝ «Քաղաքը՝ որպես կենդանի տնտեսական համակարգ» (The City as a Living Economy) թեմայով։

«Երկարաժամկետ արժեք ունեցող ուղղություններ ստեղծելու համար միայն ներդրումներն ու ենթակառուցվածքները բավարար չեն․ անհրաժեշտ են միասնական տեսլական, ամուր գործընկերություններ և պատասխանատու առաջնորդություն։ TRF 2026-ը հնարավորություն է միավորելու այն մարդկանց, ովքեր ձևավորում են զբոսաշրջության և հյուրընկալության ապագան, փոխանակելու փորձն ու տեսակետները և քննարկելու, թե ինչպես կարող են ուղղությունները զարգանալ՝ պահպանելով իրենց ինքնությունն ու միաժամանակ ստեղծելով երկարաժամկետ արժեք համայնքների համար։

«Destinations Built to Last» («Երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններ») խորագիրն արտացոլում է մեր համոզմունքը, որ նշանակալից զարգացումը կայուն արժեք ստեղծելու մասին է՝ այցելուների, համայնքների և բիզնեսների համար՝ այսօր և գալիք տարիների ընթացքում»,- նշում է Կատերինա Դանեկինան։

TRF 2026-ի առանձնահատկություններից մեկը տարբեր ոլորտների մասնագետներին մեկ հարթակում համախմբումն է։ Ֆորումի օրակարգը դուրս է գալիս դասական զբոսաշրջային քննարկումների շրջանակից՝ ներառելով նաև մշակույթի, քաղաքային միջավայրի, ֆինանսավորման, ներդրումների, երկարակեցության և բարեկեցության թեմաները։

Մշակույթի և մշակութային ենթակառուցվածքների թեմային նվիրված քննարկմանը կմասնակցեն Մալթայի ARC Research & Consultancy հիմնադիր և գործադիր տնօրենը Դավինիա ԳալեաՆ, Նիսի քաղաքապետարանի և մետրոպոլիտեն խորհրդի անդամ Մարի-Օտոմն Պեյրենեն, գերմանացի աշխարհահռչակ ջութակահար Festival Ibiza Conciertos-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լինուս Ռոթը։

Վերոնշյալ բանախոսների մասնակցությունն ընդգծում է TRF-ի առանձնահատկությունը՝ մշակույթը դիտարկելով ոչ միայն որպես զբոսաշրջային առաջարկի մաս, այլև որպես քաղաքի ինքնության, զարգացման և միջազգային ճանաչելիության կարևոր բաղադրիչ։

Այս մոտեցումը համահունչ է նաև Դիլիջանի զարգացման ներկայիս գործընթացներին։ Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի տարածքում նախատեսվող Music Hall-ը դառնալու է Դիլիջանի մշակութային կյանքի նոր առանցքային հարթակը։ Այն հնարավորություն կստեղծի քաղաքում հյուրընկալելու միջազգային նշանակության երաժշտական և մշակութային միջոցառումներ՝ Դիլիջանը դարձնելով նոր մշակութային իրադարձությունների և միջազգային համագործակցության գրավիչ ուղղություն։

Music Hall-ի ստեղծումը կարող է նաև խթանել Դիլիջանում զբոսաշրջային այցելությունները, երկարացնել այցելուների մնալու տևողությունը, ձևավորել մշակութային տուրիզմի նոր հոսքեր և նպաստել Դիլիջանի՝ որպես միջազգային մշակութային ուղղության դիրքավորմանը։ Այսպիսով, այն կարող է դառնալ ոչ միայն համալիրի, այլև քաղաքի զարգացման կարևոր բաղադրիչ՝ ստեղծելով նոր հնարավորություններ մշակույթի, զբոսաշրջության և միջազգային համագործակցության հատման կետում։

Ֆորումի առանցքային թեմաներից է նաև երկարակեցությունն ու բարեկեցությունը՝ որպես զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման նոր ուղղություն։ Ազատ զրույցի ձևաչափով «Երկարակեցությունը՝ որպես զբոսաշրջային ուղղության հնարավորություն» թեմայով Կատերինա Դանեկինան և St. Moritz Longevity Forum-ի հիմնադիր Քրիստինա Մայքլը կխոսեն այն մասին, թե ինչպես են երկարակեցությունը, առողջությունն ու բարեկեցությունը փոխում ճամփորդության մասին մեր պատկերացումները և նոր հնարավորություններ ստեղծում ապագայի զբոսաշրջային ուղղությունների համար։

Զբոսաշրջության զարգացման բիզնես օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսավորման դերը։ Այս թեմային նվիրված քննարկմանը կմասնակցեն Համաշխարհային բանկի և IFC-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն, IFC-ի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արման Բարխուդարյանը, EBRD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան և Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը։

Քննարկման ընթացքում բանախոսները կանդրադառնան այն հարցին, թե ինչպես կարող է ֆինանսավորումը նպաստել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, նոր նախագծերի իրականացմանը և զբոսաշրջային ուղղությունների երկարաժամկետ զարգացմանն ու մրցունակությանը։

Այս համատեքստում TRF 2026-ը Դիլիջանի համար դառնում է զարգացման տարբեր ուղղությունները մեկ հարթակում միավորող նախաձեռնություն՝ ստեղծելով նոր հնարավորություններ զբոսաշրջության, մշակույթի, ներդրումների և միջազգային համագործակցության համար։

Այս փոփոխության կարևորագույն մասն է Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը, որը միավորում է Hyatt Regency Dilijan-ը, PPLS Rooms Co-living-ը, Villa3 Community Hub-ը, Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, ապագա Art Park-ը և Music Hall-ը։ Նախագծերը ձևավորում են միմյանց լրացնող միջավայր՝ նոր հարթակներ ստեղծելով հյուրերի, բնակիչների, ստեղծարար համայնքի և բիզնեսի համար։

Այս զարգացումները փոխում են ոչ միայն քաղաքի ենթակառուցվածքը, այլև այն, թե ինչպես է Դիլիջանը ապրում, ընդունում այցելուներին և ներկայանում միջազգային զբոսաշրջային քարտեզում։

TRF 2026-ը այս փոփոխությունների համատեքստում Դիլիջանը ներկայացնում է որպես քաղաք, որտեղ զբոսաշրջության ապագան ձևավորվում է ոչ միայն նոր ենթակառուցվածքների, այլև գաղափարների, համագործակցության և երկարաժամկետ տեսլականի միջոցով։ Հոկտեմբերի 9-11-ը քաղաքը կհյուրընկալի միջազգային մասնագետների և ոլորտի առաջնորդների՝ դառնալով փորձի, գիտելիքի և նոր գաղափարների փոխանակման հարթակ։

Այսպիսով, «Destinations Built to Last»-ը Դիլիջանի համար ոչ միայն TRF 2026-ի թեման է, այլև քաղաքի զարգացման ընթացքը բնորոշող գաղափար՝ ստեղծել միջավայր, որը կարող է արժեք ստեղծել ոչ միայն այսօր, այլև գալիք տարիների համար։

Related Articles

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը Դիլիջանում նոր սարքավորումներով կրթական մասնաշենք է բացում

Սիմֆոնիկ երաժշտությունը գալիս է Դիլիջան․ Green Rock-ը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության հուշագիր են ստորագրել

Green Rock-ը 10 կրթաթոշակ է տրամադրում Apicius Armenia-ի 2026–2027 ուսումնական տարվա ուսանողներին

Related Projects