Կարող ենք ասել՝ «Green Rock»-ում հայտնվել եմ պատահաբար, իմ նախկին աշխատանքի բերումով ծանոթացել եմ Green Rock ընկերության տնօրենի հետ, այնուհետև ստացել թիմին միանալու առաջարկ: Ինձ մոտ արդեն հասունացել էր նախկին աշխատանքս փոխելու ցանկությունը, դա զուգադիպեց թափուր հաստիքը զբաղեցնելու առաջարկի հետ, մի քանի ամիս հետո անցա աշխատանքի`որպես ֆինանսական տնօրեն։
— Ֆինանսական տնօրեն ասելով պատկերացնում ենք միշտ լուրջ, խիստ մարդու, ում մոտ ամեն ինչ թվերի շուրջն է պտտվում, կիսու՞մ եք այդ մոտեցումը։
Իմ առաջին աշխատանքային փորձը չի եղել ֆինանսական տնօրենի դերում։ Ու ինձ հանդիպած բոլոր ֆինանսական տնօրենները խիստ դիրքորոշում ունեին, որոնց երբևէ որևէ աշխատակից չէր մոտենում որևէ հարցով։ Չգիտեմ՝ արդյոք դա ճիշտ մոտեցում է կազմակերպություն համար հիերարխիան պահպանելու առումով, թե ոչ, բայց, կարծում եմ՝ կազմակերպությունը, որը նոր է և ունի ամբիցիոզ ծրագրեր, պետք է ստեղծի ընտանեկան միջավայր և մտերմիկ կորպորատիվ մշակույթ։ Ըստ վիճակագրության՝ նորաստեղծ կազմակերպությունն առաջին 2 տարում աշխատում է ավելի շատ, քան հաջորդող 3-4 տարիներին, հետևաբար մենք պետք է մաքսիմալ արագ լինենք մեր որոշումներում՝ բնականաբար չկորցնելով աշխատանքային հարաբերությունների էթիկան։
— Լևոն, ինչպե՞ս է անցնում Ձեր օրը գրասենյակում։
Օրս հիմնականում բաղկացած է թվերից, սիրում եմ լուռ նստել և աշխատել։ Հենց զգում եմ, որ հանգստի կարիք ունեմ, մոտենում եմ կոլեգաներիս, 2 բառ փոխանակում, կատակում, էլի վերադառնում թվերին։
Եթե հանենք դիլիջանյան մեր հիանալի թիմի անդամներին, երևանյան գրասենյակում բացի մեր տնօրենից, կա արական սեռի միայն մեկ ներկայացուցիչ՝ ես։ Ըստ այդմ, ես, որպես ֆինանսական տնօրեն, նաև զբաղվում եմ մնացած բոլոր հարցերով՝ վերցնել, դնել, օգնել, տեղաշարժել ։)
— Սիրում եք թվերը, իսկ ի՞նչն այդքան էլ Ձեր սրտով չէ աշխատանքային միջավայրում։
Ես այն քիչ մարդկանցից եմ, ում դուր չեն գալիս սոցիալական ցանցերի այսչափ արագ զարգացումը, որովհետև դրանք փոխարինում են գրեթե ամեն ինչին։ Եթե նախկինում կար մեկ ընդհանուր հեռախոս, և օրվա ընթացքում ընդամենը մի քանի զանգ էինք կատարում, այսօր բազմաթիվ են միջոցները, որոնցով մարդիկ շփվում են, հետևաբար սոցիալական ցանցերը նաև դարձել են աշխատանքային գործիք։ Շատ կուզեի, որ դրանք ապահովեին միայն ժամանցի հատվածը, որպեսզի մեր ուշադրությունն ավելի կենտրոնացած լիներ աշխատանքի վրա։
— Եթե չընտրեիք ֆինանսիստի մասնագիտությունը, ինչո՞վ կցանկանայիք զբաղվել։
Այլ հավասար պայմաններում կուզեի լինել երեխաների ֆուտբոլի մարզիչ։ Եթե ոլորտը փոքր ինչ վճարունակ լիներ, ապա վստահաբար կլինեի մարզիչ, որովհետև կարևորագույն խնդիրներից է սերունդներին կրթելը։ Իմ պարագայում դա կլիներ ֆուտբոլի տեսքով։
— Գործնական հաջողակ հարաբերություններ կառուցելու հատուկ մեթոդներ ունե՞ք։
Կովկասյան երկրներում ամենահաջող տարբերակն, ըստ իս, միջանձնային շփում հաստատելն է՝ թույլ տալով ավելի հեշտ հասնել հաջորդ բիզնես կետին։ Small talk ասվածը մեզ մոտ աշխատող ու անհրաժեշտ տարբերակ է։
— Բայց արդյոք անձնական մտերիմ շփումը չի՞ խանգարում աշխատանքային հստակ սահմանների ձևավորմանը։
Ձեր ասածն էլ իմ ասածի հակառակ կողմն է, որը, իհարկե, նույնքան ճիշտ է։ Բայց մի մոռացեք, որ մեր երկիրը, մեր քաղաքը շատ փոքր են, ու եվրոպական այդ սառնությունը դեռ երկար չի հայտնվի մեզ մոտ։
— Ի՞նչ գրականություն եք կարդում։
Մաքսիմալ հումորային ։)
Սիրում եմ կարդալ գրքեր, որոնք փորձում են ուրախացնել, որովհետև մարդ կատակում է այն մասին, ինչ իրեն ցավացնում և հուզում է։
— Վերջին կարդացած գիրքը նույնպե՞ս հումորային ժանրից է։
Այո, վերջինը «Շվեյկի արկածները» վեպն է։ Այն պատերազմի մասին է, հումորային տեսանկյունից։ Հասկանում ես, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակում կարելի է կատակել, ու յուրաքանչյուր խնդրի լուծման բանալին ժպտալու և շփվելու մեջ է։
— Իսկ ո՞րն է վերջին ֆիլմը, որ դիտել եք։
2013 թվականի իտալական «La grande bellezza» ֆիլմն է։ 65-ամյա գրողը աստղային փառքից հետո սկսում է մտածել կյանքի իմաստի մասին։
Վերջում անպայման ուզում եմ ավելացնել․ մեծ հույս ունեմ, որ մեր ընկերությունը կհաջողի դիլիջանյան նախագծերում, ավելի մեծ հույս ունեմ, որ հաջողելուց հետո չենք սահմանափակվի Դիլիջանով, քանի որ մեծ երկրպագուն եմ այն դիրքորոշման, որ Երևանը պետք է ապակենտրոնացվի։
— Այս շարքի ավանդական հարցը․ սո՞ւրճ, թե՞ թեյ։
Թեյ, միանշանակ: