Քրիստինե, ինչպե՞ս հայտնվեցիք «Green Rock»-ում։
— Առաջին աշխատակիցներից եմ, ինպես ասում են՝ քարը քարին դնողներից։ Դեռ ամենասկզբնական փուլում միացա ընկերությանը՝ սկզբում որպես աութսորս, ավելի ուշ որպես հիմնական աշխատակից։ Երբ ստացա աշխատանքի առաջարկը, անմիջապես հասկացա, որ սա այն է, ինչ ես վաղուց ցանկանում էի։ Հյուրանոցային ոլորտից տեղափոխվեցի բիզնես ոլորտ և շատ ուրախ եմ, որ հենց ես եմ «Green Rock»-ի առաջին թիվ հաշվառողը։
Ձեր աշխատանքի ամենակարևոր հատվածը։
— Բացի այն, որ ես հաշվապահ եմ, ես նաև աուդիտոր եմ, ինչը նշանակում է, որ ես տարիներ շարունակ, աշխատելով տարատեսակ ընկերություններում, ստուգել եմ տարբեր հաշվապահների աշխատանք, որից հետո միայն դարձա գլխավոր հաշվապահ։
Կարևորում եմ չափազանց ուշադիր և սրտացավ լինելը․ ես գնահատում եմ իմ աշխատանքը, հետևաբար շատ լուրջ եմ վերաբերում յուրաքանչյուր թվին։ Ես չեմ փորձում միայն լավ աշխատել, այլ փորձում եմ վերահսկել և մինիմալի հասցնել ոչ կարևոր ծախսերը։
Քրիստինե, ձեր թիմակիցներից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի ընկերության կորպորատիվ մշակույթի վերաբերյալ։ Ի՞նչ մշակույթ է ձևավորվել ըստ ձեզ։
— Ընկերությունը փոքր է, դեռ մեկ տարեկան էլ չկա, հետևաբար շուտ է հստակ ասել, թե ինչ մշակույթի կրող է։ Միայն մեկ բան կարող եմ ասել․ մեզ մոտ ակնհայտ փոխադարձ համաձայնության և հարգանքի մեծ չափաբաժին կա։
Ինչպես նշեցիք, ընկերությունը դեռ շատ փոքր է, բայց, այնուամենայնիվ, ամենակարևոր պաշտոններն արդեն զբաղեցված են՝ բոլորը մեծ փորձով և գիտելիքով։ Հասցնու՞մ եք օրվա ընթացքում շփվել, փոխանակվե՞լ հետաքրքիր ինֆորմացիայով, կիսվե՞լ փորձով, ինչու չէ նաև ոգեշնչվել։
— Թիմում ես տարիքով ամենամեծն եմ (խոսքն ընդամենը 10 տարվա մասին է 😉), բայց չեմ դադարում ամեն օր սովորել երիտասարդներից․ իրենք ավելի նորարար են, ավելի լայն են տեսնում աշխարհը, ավելի անվախ են։ Հուսով եմ՝ իրենք էլ ինձնից են որևէ բան սովորում։ Թիմը կարծես «բաժանվել է» ստեղծարար և ոչ այդքան ստեղծարար մասերի 😉. ես, մեր իրավաբանն ու ֆինանսական տնօրենն այլ «խմբում» ենք՝ կարծում եմ ելնելով աշխատանքի բնույթից։
Ի՞նչ կմաղթեք «Green Rock»-ին իր առջև դրված մեծ նպատակների և կարևոր սոցիալական նախաձեռնությունների իրագործման շեմին։
— Վստահ եմ՝ տեղյակ եք, որ մեր ընկերությունը որոշեց իր առաջին Ամանորը նշել Տավուշի մարզում բնակություն հաստատած արցախցի շուրջ 200 երեխաների հետ՝ նրանց օրը վերածելով տոնի: Սա ֆանտաստիկ նախաձեռնություն էր, և բոլորս անչափ ոգևորված էինք։ Առաջարկվող 3 տարբերակներից թիմը միահամուռ կերպով ընտրեց այս տարբերակը, և հենց սա է վկայում ընկերությունում միավորված մարդկանց արժեհամակարգը։
Քրիստինե, եթե չլինեիք հաշվապահ, ապա ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք։
— Չզարմանաք, բայց կցանկանայի լինել քրեական մասնագետ ։) Սիրում եմ դետեկտիվներ, փորփրել – պրպտել — վերլուծել ինձ մոտ լավ է ստացվում։
Թերևս, վերջին՝ ավանդական հարցը՝ սուր՞ճ, թե՞ թեյ։
— Հաշվապահը միանշանակ սուրճ է ընտրում, այլ տարբերակ չկա։