Քաղաքական գործչի ամառանոցը, որը կառուցվել է դեռևս 1930-ական թվականներին, ականատես է եղել բազմաթիվ կարևոր պատմական իրադարձությունների։ Իսկ Դիլիջանը, որտեղ գտնվում է կառույցը, տարեցտարի գրավում է էլ ավելի շատ այցելուների, որոնց հետաքրքրում են տեղի հիասքանչ բնապատկերներն ու հարուստ մշակութային ժառանգությունը։
Մինչև աշխատանքների սկսվելը հարցում է անցկացվել Երևանի և Դիլիջանի բնակիչների շրջանում։ Հարցման մասնակիցները (16-76 տարեկան) ընտրություն են կատարել վերականգնման 3 հայեցակարգերի միջև՝ ամուսնությունների սրահ, իմերսիվ թատրոն և ժամանակակից արվեստի ու ճարտարապետության ինտերակտիվ թանգարան։ Բոլոր երեք տարբերակներն էլ դրական արձագանք են գտել տեղացիների շրջանում։ Ուստի նախագծի վերջնական տարբերակը միավորել է բոլոր հայեցակարգերը՝ առաջնահերթություն տալով թանգարանային ուղղության զարգացմանը։
Աղասի Խանջյանի ամառանոցը, ուր գտնվում են գործչի առանձնատունը և ՊԱԿ-ի շենքը, կանցնի վերականգնման բարդ և նուրբ գործընթացի միջով, ինչը թույլ կտա վերադարձնել շինությունների նախկին հմայքը։ Խանջյանի ամառանոցը կդառնա ժամանակակից տեխնոլոգիական արվեստի և ժամանցի իսկական կենտրոն՝ գրավելով ավելի շատ այցելուների և նպաստելով նոր ոլորտների զարգացմանը։ Իսկ Չիկագոյի տների ոճով կառուցված ՊԱԿ-ի շենքը էքստերիերի, ինտերիերի, դեկորի միջոցով վերականգնումից հետո կդառնա կուսակցական գործչի մտահաղացման շարունակությունը: Այն կվերածվի ստեղծագործական կլաստերի, որը կոգեշնչի ստեղծագործել իրականացնել սեփական նախագծերը։
Նախատեսված արդյունքին հասնելու համար նախագծում ներգրավվել են պատմաբաններ, ճարտարագետներ և մշակութային ժառանգության պահպանման մասնագետներ։ Բազմակողմանի գիտելիքներով օժտված այս թիմը դարձել է նախագծի առանցքը. նրանց հավաքական ինտելեկտն ու կիրքն աշխատանքի հանդեպ կօգնեն մշակել հուշարձանների վերականգնման լավագույն մոտեցումները։
Նախագծի առաջին փուլում մանրամասնորեն ուսումնասիրվել են պատմական աղբյուրները, փաստաթղթավորվել են շենքի պահպանված բոլոր դետալները, մասնիկներն ու զարդաքանդակները։ Ճակատային հատվածների և ինտերիերի վերականգնումը կիրականացվի հատուկ տեխնիկայի ու նյութերի կիրառմամբ, ինչը թույլ կտա վերադարձնել կառույցի նախնական գեղեցկությունն ու վեհությունը։ Իսկ լանդշաֆտային դիզայնն ուղղված կլինի շրջակայքի բարելավմանը՝ ստեղծելով բնության և ճարտարապետության ներդաշնակ համադրություն։
Ամառանոցին առնչվող յուրաքանչյուր ոք կզգա դրա պատմական նշանակությունն ու արժեքը։ Այցելուներին հասանելի կլինի համատեքստային նավիգացիան. ինտերակտիվ տարրերի և վիզուալիզացիայի միջոցով յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ծանոթանալու հուշարձանի պատմությանն ու հետաքրքիր անցյալին։
Վերականգնումը նախատեսված է ավարտել 2025 թվականին։