Երեխաները կմարզվեն Դիլիջանի կահավորված և հիմնանորոգված մարզադահլիճում

djhero
Սպորտը երեխայի կյանքում ունի կարևոր նշանակություն և ինչպես ասում են դասականներն` առողջ մարմնում առողջ հոգի, իսկ սերն առ սպորտ և առողջ ապրելակերպ մարդու կյանք պետք է ինտեգրել դեռևս վաղ հասակից:

Green Rock Management Group-ի և Դիլիջանի համայնքապետարանի համագործակցության շնորհիվ Դիլիջանի երեխաները հնարավորություն կունենան զբաղվել սպորտով, քանի որ դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներից չվերանորոգված մարզադպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է և ապահովվել բոլոր անհրաժեշտ հարմարություններով:  Սպորտով զբաղվելու համար ստեղծվել են հավասար հնարավորություններ բոլորի համար՝ անկախ սեռից և սոցիալական պատկանելությունից:

Հիմնանորոգման և կահավորման աշխատանքների բուռն շրջան է և շինարարական խումբը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնում է աշխատանքը:

Դպրոցի տնօրենը, որը նախկինում նաև այս մարզադպրոցի սանն էր, Tert.am-ի հետ զրույցում պատմել է՝ ինչ փուլում են գտնվում աշխատանքները և ինչ մարզաձևեր են հասանելի լինելու երեխաների համար:

«Մենք գրեթե ավարտում ենք հիմնանորոգման աշխատանքները: Առկա է լինելու մեծ դահլիճ, որտեղ երեխաները կկարողանան պարապել ըմբշամարտ և մարմնամարզություն: Մարզադպրոցը նախատեսված է մոտ 500 աշակերտի համար: Դեռ 6 ամիս է ինչ տարվում են աշխատանքները, բայց մնացել են մի քանի դետալներ, որպեսզի ամբողջացնենք տեսքը: Ուրախ ենք, որ երեխաների համար ստեղծվելու են նման պայմաններ, որտեղ նրանք կկարողանան զբաղվել նախընտրած մարզաձևով»,- նշեց դպրոցի տնօրեն Սասուն Ղամբարյանը:

Նախկինում մարզադպրոցը գտնվում էր անմխիթար կարգավիճակում: Մարզաձևերը սակավ էին, իսկ պայմանները չէին բավարարում, որ աղջիկները ևս կարողանան զբաղվել սպորտով, իսկ այժմ նրանց ևս ընձեռվել է հնարավորություն:

«Նախկինում այստեղ հնարավոր չէր պարապել, քանի որ չկար ջեռուցում, կոտրված էին պատուհանները, չկար համապատասխան կահավորում, որը ևս բաղկացուցիչ պայման է, իսկ այժմ մենք ստեղծել ենք բոլոր պայմաններն արդյունավետ աշխատանքի համար»,- հավելեց նա:

Մարզադպրոցում լինելու են տարբեր մարզաձևեր, մասնավորապես՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, բազկամարտ, թենիս, շախմատ և գեղարվեստական մարմնամարզություն: Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշում է, որ Green Rock Management Group-ի հետ կարողացել է համագործակցել և անմխիթար վիճակից ստանալ նմանօրինակ արդյունք:

«Դիլիջանում կա մեծ ոգևորության ալիք և բոլորը սպասում են մարզադպրոցի բացմանը: Նմանատիպը չունեցող դպրոց է, քանի որ այլ քաղաքներում նման մասշտաբներով մարզադպրոցներ չեն շահագործվել և հույս ունեմ՝ ոգևորությունը շարունակական բնույթ է ունենալու: Ես վստահ եմ, որ մեր ապագա սաներն արդարացնելու են այն բարերարների ակնկալիքները, որոնք նրանց են հանձնում նման մարզադպրոց, որտեղ առկա են բոլոր հնարավորությունները լավ մարզիկ դառնալու համար»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

Հայ մարզիկները կարողացել են միջազգային մրցույթների ժամանակ ծածանել հայոց եռագույնը և Դիլիջան համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ մարզադպրոցի սաները ևս կկարողանան հետագայում հաջողություններ գրանցել:

Դեկտեմբերի 9-ին կկայանա մարզադպրոցի պաշտոնական բացումը, որից հետո երեխաներն այնտեղ կկարողանան մարզվել:

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր