Ի՞նչ դիտել ամանորին։
Բնակարան, 1960
Վեցակի Օսկարակիր ռեժիսոր Բիլի Ուայլդերը, որի «Ջազում միայն աղջիկներ են» (կամ «Ոմանք սիրում են ավելի թեժ»-ը Հին Հոլիվուդի ամենահայտնի, դասական դարձած կատակերգություններից մեկն է, վերոհիշյալ գերհայտնի ֆիլմից անմիջապես հետո ստեղծել է ևս մեկ դիտարժան ռոմանտիկ կատակերգություն։ «Բնակարանը» պատմում է մեծ կորպորացիայի փոքր պաշտոնյա Բաքսթերի (Ջեք Լեմոն) մասին, որին հաջողվում է աշխատավայրում հաջողություններ գրանցել… իր բնակարանը գործընկերներին տրամադրելու շնորհիվ։ Բանն այն է, որ Բաքսթերի բնակարանը գտնվում է աշխավայրին շատ մոտիկ, և գրեթե բոլոր ամուսնացած աշխատակիցներն օգտագործում են այն իբրև իրենց սիրուհիների հետ ժամադրավայր։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Սուրբ Ծննդյան նախօրեին Բաքսթերն իր տանը հայտնաբերում է քնաբեր դեղերի չարաշահումից ուշագնաց գործընկերուհուն՝ սիրունիկ Ֆրենին (Շիրլի ՄքԼեյն), որին Բաքը սիրահարված է, և ով, բոլորից թաքուն, սիրավեպ ունի իրենց տնօրենի հետ։
Բրիջիթ Ջոնսի օրագիրը, 2001
90-ականները ռոմկոմերի ամենածաղկուն շրջաններից են. այդ թվականներին ստեղծվել են տասնյակ բրիտանական և ամերիկյան ֆիլմեր, որոնք անցել են ժամանակի փորձությունն ու սիրելի են մինչ այսօր։ 20 տարի առաջ կոտրել կարծրատիպերն ու նկարել ֆիլմ ծխող, երբեմն ալկոհոլը չարաշահող և ավելորդ քաշի հետ պայքարող երեսունն անց չամուսնացած կնոջ մասին, անկեղծություն էր։ Ռենե Զելվեգերի ֆիլմագրության լավագույն դերերից մեկը՝ Բրիջիթ Ջոնսն ու Քոլին Ֆյորթի հերոս Մարկ Դարսին ունեն գրական նախատիպեր՝ ի դեմս Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի, որից էլ ոգեշնչվել է «Բրիջիթ Ջոնսի օրագրի» հեղինակ Հելեն Ֆիլդինգը։
Սյուժեն հին է, ինչպես աշխարհը, և պատմում է անձնական կյանքի ու երջանկության որոնման մասին՝ բազմաթիվ զվարճալի կատակների, ցավոտ հիասթափությունների ու անհեթեթ իրավիճակների ֆոնին։ Դարսիի ամանորյա գործած սվիտերը, Բրիջիթի վերմակով ծածկված պաղպաղակ ուտող դեմքն ու տաք, հարմարավետ գիշերանոցը լավագույն ատրիբուտներից են, որոնք կարող են ուղեկցել բրիտանական հումորի ու ռոմկոմերի երկրպագուներին ամանորյա օրերին գողտրիկ, ընտանեկան կատակերգություն դիտելու համար։
Բրազիլիա, 1985
Հակաուտոպիաների և գիտաֆանտաստիկ ժանրերի սիրահարներից շատերը գիտեն ռեժիսոր Թերի Գիլիամին և նրա միակ ու անկրկնելի «Բրազիլիա»-ն: Իսկ նրանք, ովքեր ծանոթ չեն ֆիլմին, բայց սիրում են դիզելփանք ժանրը, Ջորջ Օռուելի և Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններն ու «տարօրինակ» ֆիլմեր, պետք է անհապաղ դիտեն Գիլիամի հակաուտոպիան։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հնարածին ժամանակաշրջանում, որն ինչ-որ իմաստով ֆուտուրիստական է, բայց այնուամենայնիվ հիշեցնում է 20-րդ դարի երկրորդ կեսը և պատմում մեծ համակարգի փոքր մասնիկ, իր կյանքից գոհ ու բոլորի համար աննկատ ապրող Սեմ Լաուրիի մասին, որի մայրն ամեն կերպ փորձում է պաշտոնի բարձրացման հասնել որդու համար։ Սեմն ապրում է գորշ և մոխրագույն, բյուրոկրատական և կոնսյումերիստական համակարգում, սակայն գիշերները գունեղ երազներ է տեսնում, թե ինչպես է հրեշներից փրկում անծանոթ, գեղեցիկ օրիորդի։ Եվ օրերից մի պատահական օր իր երազների աղջիկն անսպասելիորեն հայտնվում է Սեմի գորշ, բյուրոկրատական աշխատավայրում։
Բրյուգգեում, 2008
Բրիտանո-իռլանդացի դրամատուրգ, սցենարիստ և ռեժիսոր Մարթին ՄքԴոնահի ամենահայտնի սև կատակերգություններից մեկը, որի գործողությունները տեղի են ունենում գողտրիկ, բելգիական քաղաք Բրյուգգեում։ Քենն (Քոլին Ֆարել) ու Ռեյը (Բրենդան Գլիսոն) վարձու մարդասպաններ են, որոնք իրենց բոսի (Ռեյֆ Ֆայնս) հրահանգով պետք է որոշ ժամանակ պահ մտնեն բելգիական միջնադարյան ճարտարապետության, դանդաղաշարժ զբոսաշրջիկների խմբերի և աղմկոտ, տոնական եզուզեռի արանքում, քանի որ նախորդ կարգադրության ժամանակ Ռեյը պատահաբար սպանել է փոքրիկ տղայի։ Հին եվրոպական քաղաքում պատկերված, խղճի խայթից տանջվող և իրեն սփոփել փորձող երկու մարդասպանների մասին պատմող, երգիծական հումորով քրեական կատակերգությունը եզակիներից է իր ժանրում և լավ ժամանցի տարբերակ է բրիտանական սև հումորի, քրեական պատմությունների և սարկաստիկ երկխոսությունների սիրահարների համար։
Մկրատաձեռն Էդվարդը, 1990
Այստեղ կարող էր լինել ամերիկացի ռեժիսոր, անիմատոր, սցենարիստ և ամենակարևորը՝ հեքիաթասած Թիմ Բյորթոնի ֆենթեզի ֆիլմերից գրեթե ցանկացածը, սակայն խորհրդանշական կլինի հիշել իր և Ջոնի Դեփի առաջին համատեղ աշխատանքը, որը դարձավ երկարամյա ստեղծագործական ուղու սկիզբն ու միլենիալների սիրելի մելանխոլիկ ֆենթեզիներից մեկը (և որի վերջում հանդիսատեսը կիմանա՝ ինչու է ձյուն գալիս):
Ֆիլմը պատմում է անավարտ մեխանիկական արարածի՝ Էդվարդի (Դեփ) մասին, որի ձեռքերի փոխարեն մկրատներ են, քանի որ իրեն ստեղծած տարեց գիտնականը չհասցրեց դրանք փոխարինել մատներով։ Էդվարդն ամբողջ կյանքն անց է կացնում բլրի վրա գտնվող գոթական ամրոցում. ճերմակ, գունատ մաշկով և մկրատների հետևանքով սպիավոր դեմքով։ Նրան պատահաբար հայտնաբերում է բլրի ներքևի քաղաքի բնակիչ Փեգն ու, խղճալով մեն-միայնակ լքված Էդվարդին, բերում է սեփական տուն, ինչն իրարանցում է ստեղծում քաղաքի հետաքրքրասեր ու պարզամիտ բնակիչների մոտ։