Հաշվի առնելով տեղաբնակների և քաղաքի հյուրերի դրական վերաբերմունքը ճանապարհին եգիպտացորեն համտեսելուն՝ Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ Green Rock -ը որոշել է բարելավել մատուցվող ծառայության պայմանները՝ փոխարինելով տնակները էսթետիկ ու ներկայանալի տարբերակներով։
Green Rock -ը ձեռք է բերել և բրենդավորել 25 փայտե տնակներ՝ հագեցած բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Այս տնակները փոխարինել են գոյություն ունեցող բոլոր եգիպտացորենի վաճառքի կետերին` քաղաք մուտք գործելիս այցելուներին ապահովելով ավելի գրավիչ և հարմարավետ գաստրոնոմիկ փորձ:
Բրենդավորված տնակները ամբողջովին փայտից են ու հագեցած են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ գազ, բրենդավորված ամաններ, անձեռոցիկի տուփեր։
Նոր տնակները ոչ միայն հնարավորություն են տալիս վաճառողներին պատրաստել ու վաճառել եգիպտացորենը ավելի մաքուր, հիգիենիկ ու առողջ պայմաններում, այլ նաև զգալիորեն բարելավում են աշխատանքային պայմանները հենց վաճառողների համար։ Բրենդավորված տնակներում տեղացիները կարող են իրականացնել եգիպտացորենի վաճառքը եղանակային ցանկացած պայմաններում, ինչը պետք է բարելավի նաև նրանց վաճառքի ցուցանիշները։
Նախագծի մեկնարկը տրվեց մայիսի 15-ին: Միջոցառմանը ներկա էին Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Green Rock ընկերության անձնակազմը, Դիլիջանի մարզադպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հրավիրյալ լրագրողներ և գործընկերներ։