«Ճարտարապետության վերաիմաստավորումը»․ «City Talks with Mark Grigoryan» փոդքասթի եզրափակիչ թողարկում

City Talks_Web

 

«City Talks with Mark Grigoryan» փոդքասթների շարքը ուսումնասիրում է Հայաստանի քաղաքային և քաղաքաշինական ոլորտը՝ նպատակ ունենալով բացահայտել այն հյուսվածքները, որոնք ձևավորում են մեր քաղաքները: Այս փոդքասթի համատեքստում ուշադրություն է դարձվում դիզայնին, ճարտարապետությանը և քաղաքաշինական պլանավորմանը։

Փոդքասթը շեշտադրում է քաղաքների ճարտարապետական գեղեցկությունը, պատմական արժեքը և ապագայի հնարավորությունները՝ կազմակերպելով բովանդակալից երկխոսություններ փորձագետների, տեղացիների և շահագրգիռ կողմերի միջև: Այս երկխոսությունները հնարավորություն են տալիս քննարկել քաղաքի խնդիրներն ու գտնել հնարավոր լուծումները:

Որպես փոդքասթների շարքի ամփոփիչ թողարկում տեղի ունեցավ թվով երկրորդ «LIVE Podcast with Mark Grigoryan» պանելային քննարկումը՝ «Ճարտարապետության վերաիմաստավորումը» խորագրով։

Պանելային քննարկման խոսնակներն էին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դեկան Արամ Շատվորյանը, «Electricarchitects» ճարտարապետական բյուրոյի հիմնադիր Մարիաննա Կարապետյանն ու  «Backbonebranding» դիզայներական ընկերության հիմնադիր Ստեփան Ազարյանը:

Պանելի ընթացքում քննարկվեցին, թե ինչպես կարելի է նոր կյանք և իմաստ հաղորդել պատմական շենքերին, ինչպես են նոր իմաստներ ձևավորվում շինությունների շուրջ՝ հիմնվելով հասարակական պահանջների վրա՞, պետական մակարդակո՞ւմ, թե՞ բիզնեսի շրջանակում: Մատնանշվեցին նաև այն սահմանները, որոնք պետք է հաշվի առնել կառույցների վերաիմաստավորման գործընթացում: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին հաջողված միջազգային պրակտիկաներ, օրինակ՝ Լոնդոնի նախկին էլեկտրակայանը, որը վերափոխվել է Tate Modern՝ համաշխարհային ճանաչում վայելող ժամանակակից արվեստի թանգարանի:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքի մաստեր պլանի և մայթեզրերի խնդիրներին, ինչպես նաև  ճարտարապետության և դիզայնի ոլորտում երիտասարդ մասնագետների զարգացման հարցերին:

Քննարկումից հետո անցկացվեց հարցուպատասխանի սեսիա, որտեղ ներկաները հնարավորություն ունեցան կիսվել իրենց մտքերով և հարցերով խոսնակների ու Մարկ Գրիգորյանի հետ:

Միջոցառման ավարտին կազմակերպվեց փոքրիկ վիկտորինա, որը ստուգեց ներկաների գիտելիքները ոլորտի վերաբերյալ: Հաղթողը պարգևատրվեց Մարկ Գրիգորյանի նոր գրքով, որտեղ ներկայացված են Երևանի տարբեր ժամանակաշրջանների քարտեզները:

Այսպիսով, «LIVE Podcast with Mark Grigoryan» փոդքասթի եզրափակիչ պանելային քննարկումը հանդիսացավ յուրահատուկ հարթակ ճարտարապետության և քաղաքաշինության հարցերի քննարկման համար՝ նպաստելով հանրային ակտիվ երկխոսության և կրթական գործընթացների զարգացմանը այս ոլորտում:

 

 

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր