Մամուլի հաղորդագրություն

arm02
Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի երևանցիներ,

Green Rock Management Group ընկերությունը իրականացնում է մի շարք ծրագրեր միտված Հայաստանի զարգացմանը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի և չափանիշների վրա: Մեր նախագծերում ներգրավված են տարբեր երկրներից լավագույն մասնագետներ, որոնք իրենց գիտելիքն ու փորձը ներդնում են ընկերության նախանշած ծրագրերն իրականացնելու համար: Այս պահին ընկերությունն աշխատում է մի շարք նախագծերի վրա, որոնց շարքում է Դիլիջան քաղաքի վաղեմի համբավը վերականգնելը. միակ սպորտ դպրոցի հիմնանորոգումն ու վերազինումը ժամանակակից տեխնիկայով, տարածաշրջանում եզակի կոնցեպտով բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, պատմական որոշ շենքերի պահպանումը և վերականգնումը, էլեկտրական և հիբրիդային մեքենաներով քաղաքային տաքսի ծառայության ներդնումը, միջազգային ամենամյա փառատոների ստեղծումը, անգամ Դիլիջան քաղաքի «մուտքը» բարեկարգելը և այլ զարգացող քաղաքներին հատկանշական նշաձողային ծրագրեր:

Նշված ծրագրերին զուգահեռ բանակցություններ են ընթանում Հայաստանում գործող միջազգային ընկերությունների հետ՝ կրթական և զարգացման մի շարք բացառիկ բիզնես ծրագրերի իրականացման շուրջ: Այս ամենի արդյունքում կստեղծվեն աշխատաշուկայի լավագույն չափանիշներին համապատասխան հարյուրավոր նոր աշխատատեղեր:

Անդրադառնալով Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ ընկերությունն ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել է առաջարկ ներկայացնել Երևանի Օղակաձև զբոսայգու վերափոխման և բարեկարգման նախագիծ (O4 Green Urban Hub):

O4 Green Urban Hub-ի իրականացման համար ընկերությունը հայտնել էր ավելի քան 8,5 միլիոն դոլարի ներդրման իր պատրաստակամության մասին: Նախագծի հաստատման պարագայում այս միջոցները կօգտագործվեին ծրագրի նախագծման և իրագործման համար, որի նպատակն է Երևանի Օղակաձև այգու թամանյանական նախագիծը վերականգնելը և  այն միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքային այգու վերածելը՝ պահպանելով բոլոր պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցները և ապահովելով շուրջօրյա սպասարկում:

Մեր կողմից արդեն իսկ իրականացվել է քաղաքացիների ցանկությունների առաջնային ուսումնասիրություն, և մինչ վերջնական նախագիծ ունենալը մենք պատրաստվում էինք կազմակերպել հանրային քննարկումներ՝ հավաքագրելու հանրության պատկերացումները տարածքի մասին և առանձնացնելու այգու վերականգնման համար առավել ցանկալի տարբերակները: Նախագծի վրա աշխատելու համար ընտրվելու էր ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերություն՝ տեղական մասնագետների մասնակցությամբ:

Նախագծի իրականացումը ներկայումս քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հետ, այս պահին քաղաքապետարանի և Green Rock Management Group-ի միջև որևէ ստորագրված փաստաթուղթ չկա: Մենք հետևում ենք հետագա զարգացումներին և կդիտարկենք բացառապես սոցիալական այս ծրագրի իրականացման նպատակահարմարությունը մեզ համար: Մենք քննարկում ենք նաև նշված գումարը բիզնես ծրագրերում ներդնելու հավանականությունը:

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր