Այդ ելույթից հետո մեր ինստիտուտի տնօրենը կանչում է իմ գործընկեր Արթուր Թարխանյանին ու փոխանցում, որ կառավարությունից հանձնարարություն կա ներկայացնելու առաջարկ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի վերաբերյալ։ Արթուրն ինձ մոտ է գալիս, պատմում ու առաջարկում միասին աշխատել նախագծի շուրջ։ Ես համաձայնում եմ։ Մենք տեղյակ չէինք, թե ինչի մասին է խոսքը։ ԽՍՀՄ-ի տարիներին թեման արգելված էր, գրականություն չկար, որևէ տեղ դա չէր լուսաբանվել։ Սկսեցինք հետազոտել թեման, ու ես հանկարծակի հիշեցի, որ հայրիկս, ով հայոց լեզվի ու գրականության դասատու էր, մի գիրք ուներ գրապահարանում՝ «Геноцид армян в Османской империи» վերնագրով։ Գիրքը նկատել էի, բայց ուշադրություն չէի դարձրել։ Վերցրեցինք գիրքն ու Արթուրի հետ միասին սկսեցինք ուսումնասիրել։ Ամեն էջն ընթերցելիս գունաթափվում էինք և լցվում սաստիկ զայրությով։ Հասկացանք թեման, դրա կարևորությունը։ Հիմա պետք էր գտնել լուծումը՝ ինչպես փոխանցել այդ ամբողջ ցավն ու ողբերգությունը հուշահամալի միջոցով։
Հետո մեզ իր մոտ կանչեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Հրաչյա Քոչարն ու Պարույր Սևակը։ Պարզվեց միայն մենք չենք, որ նման հանձնարարություն ենք ստացել՝ «Երևան նախագիծ ինստիտուտն» ու« «Հայարտը» ևս նախագիծ կազմելու առաջարկ ունեն։ Կար երկու տարբերակ՝ տնկել այգի մեկ ու կես միլիոն ծառով կամ կառուցել հուշարձան։ Մեզ տրվեց մեկ ամիս ժամանակ մտածելու էսքիզ, թե ինչ տեսք կարող է ունենալ հուշարձանը։
Սկսեցինք աշխատել նախագծի շուրջ։ Քաղաքապետարանն առաջարկել էր հենց այն տարածքը, որտեղ այժմ հուշարձանն է գտնվում, այդ ժամանակ տարածքը դատարկ էր։
Մենք մի գաղափար առաջ քաշեցինք. ունենալ հսկայան շիրմաքար, որի տակ մեծ փոս կփորեինք՝ 9 մետր խորությամբ և այնտեղ «կթաղեինք» հսկայական խաչ։ Փոսի մի կողմից այցելուները պետք է իջնեին և հակառակ կողմից դուրս գային։ Այդ հատվածում պետք է փոքր խորան լիներ, որտեղ պետք է տեղադրվեր զանգակատուն՝ ի նշան Ցեղասպանության օրերին ահազանգող ղողանջների։
Դրա էսքիզն ու մանրակերտը պատրաստեցինք և ներկայացրեցինք Քոչինյանին։ Բոլոր մասնակիցները շեշտը հենց ողբերգության վրա էին դրել։ Հիշում եմ՝ մասնակիցներից մեկն առաջարկել էր Դանթեի դժոխքի 9 պարունակների տեսքով նախագիծ։ Այցելուները պետք է իջնեին պարույրով, որի պատերին դժոխային քանդակագործություններ էին։
Երբ բոլորը ներկայացրեցին նախագծերը, Քոչինյանն ասաց, որ հիմա հստակ պատկերացում ունի, թե ինչպիսին պետք է լինի հուշարձանի մրցույթի տեխնիկական հանձնարարությունը. հստակ պետք է շեշտվի, որ ողբերգությունից բացի հուշարձանը պետք է արտահայտի նաև հայ ազգի վերածնունդը, պետք է ցույց տրվի, որ անկախ ամեն ինչից մենք եղել ենք, կանք ու կլինենք։
Ես ու Արթուր Թարխանյանը սկսեցինք աշխատել երկրորդ նախագծի շուրջ։ Հստակ պատկերացում ունեինք, որ խաչը կամ խաչքարը չի կարող աշխատել այս նախագծի համար, սա կրոնական կառույց չէ, եկեղեցի չէ, հրաժարվեցինք նախնական գաղափարից ու սկսեցինք փնտրել ավելի զուսպ, մինիմալիստիկ լուծումներ։
Առաջ քաշեցինք 12 մույթերի գաղափարը՝ ամբողջովին միագույն, առանց որևէ զարդանախշերի, իսկ կենտրոնում հավերժ կրակը, որում հանգչում են մեկ ու կես միլիոն հայերի հոգիները։ Հետո ես առաջարկեցի, որ անպայման այդ ամենը պետք է համակցվի երաժշտությամբ, որպեսզի կառույցն ու դրա խորհուրդը ավելի ազդեցիկ դառնան։ Հետագայում երաժշտության հետ կապված խնդիրներ առաջացան։ Դեմիրճյանը անձամբ էր լսում ամեն մի ստեղծագործություն ու մի կողմ դնում բոլոր այն գործերը, որտեղ հնչում էր «Աստված» բառը։
Այս հատվածը ներկայացնում էր ողբերգությունը, իսկ մյուս կողմում հուշասյունն էր, որն ասիմետրիկ տեսք ունի՝ երկփեղկված է, այն իր տեսքով ցողուն է հիշեցնում, որը դուրս է եկել քարի միջից ու պայքարում է արևի լույսի համար։
Ճարտարապետության մեջ օրենք կա, եթե կա երկու ասիմետրիկ կառույց, պետք է լինի երրորդ հավասարակշռող էլեմենտը։ Դա եղավ սգո պատը։
Հենց այդ նախագիծն էլ ներկայացրեցինք։ Մենք անգամ հույս չունեինք, որ հենց մեր նախագիծն է ընտրվելու։ Շուտով մեզ հետ կապ է հաստատում Արա Հարությունյանը՝ «Մայր Հայաստան»- ի քանդակագործն ու հայտնում, որ մրցույթում հենց մեր նախագիծն է հաղթող ճանաչվել։ Սկսեցինք գծագրել աշխատանքային նախագիծն ու սեպտեմբերին անցանք շինարարության փուլ։
Ըստ նախագծի՝ պետք է տեղադրվեին 12 մեծաչափ քարեր, սակայն այդպիսի քարեր հատելն անհնարին էր: Մեզ առաջարկում էին քարերի չափերը փոքրացնել կամ քարը փոխարինել բետոնով: Մենք չհանձնվեցինք և, ի վերջո, գտնանք լուծումը: Այդ տարիներին ես նշանակվում եմ Արթիկի քարհանքում աշխղեկի օգնական: Ինձ հաջողվում է մեծածավալ քարեր հատել հանքի առաջին շարքից:
Հուշահամալիրի կառուցումը կապված էր նաև այլ դժվարությունների հետ, իսկ ժամանակը սահմանափակ էր: Որոշված էր կառույցն ավարտել մինչև 1967թ. նոյեմբերի 29-ը: Տագնապներ կային, որ չենք հասցնի ավարտել այն նշված ժամկետում: Երևանի քաղկոմի քարտուղար Լ.Ղարիբջանյանը կառույցի շինարարության պատասխանատու է նշանակում Կարեն Դեմիրճյանին, որ այդ ժամանակ քաղկոմի քարտուղար էր: Հուշահամալիրի կառուցումը նա ղեկավարում էր մեծ պատասխանատվությամբ: Կարեն Դեմիրճյանը հասկանում էր եղեռնի հուշարձանի կառուցման կարևորությունը հայ ազգի համար: Շինարարության բոլոր մասնակիցներն իրենց պատվի գործն էին համարում հուշարձանի կառույցն ավարտել ժամանակին և բարձր որակով:
Աշխատանքները ավարտելուց հետո, նստում էին հարակից խոտածածկ տարածքում, փռում իրենց հետ բերած սնունդը, օղին ու գինին, ուտում-խմում էին ու հայրեսիրական երգեր էին երգում։ Նրանց մեծամասնությունը Ցեղասպանության զոհերի սերունդներ էին։
Պարբերաբար այցելում էին նաև մշակույթի գործիչներ՝ Հայրիկ Մուրադյանը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը։
«Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը, հուշարձան, որը հարգանքի տուրք հանդիսանալով թուրքական ջարդարարների ոճրագործության զոհերի հիշատակին, միաժամանակ խորհրդանշում է մեր ժողովրդի սոցիալիստական վերածնունդը»:
Բացման արարողությունը սկսվեց զանգերի ղողանջով, բոլոր նրանք, ովքեր ընթացքին ռադիոյով էին հետևում, կարծել էին, թե հուշահամալիրը իրենից եկեղեցի է ներկայացնում։
Ինձ շատ հետաքրքրիր էր, թե ինչպես է լուսաբանվելու միջոցառումը։ Շատ ուրախացա, երբ տեսա, որ թերթերի վերնագրերում գրված է. «Բացվեց 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանը»։
Ես դեմ էի, որ թանգարանը կառուցվի հուշահամալիրի կողքին, քանի-որ այդ պարագայում այն կլիներ ավելի մեծ կառույց ու կշեղեր ուշադրությունը։ Երկար պրպտումներից հետո գտանք լուծումն ու կառուցեցինք թանգարանը գետնի տակ։
Նախագիծը շուտով ներկայացրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին և այն ընդունվեց։
Նախագծի ավարտի համար մեզ տրամադրել էին 7 ամիս ժամանակ, որպեսզի հասցնենք ապրիլի 24-ին։ Աշխատանքային նախագիծն ու շինարարական պրոցեսները ստիպված միառժամանակ էինք իրականացնում։ Արդյունքում հասցրեցինք։ Թանգարանը հանրության դատին հանձվեց 1995 թվականի ապրիլի 24-ին։