— Շատ հետաքրքիր էր իմ՝ «Green Rock»-ում հայտնվելը։ Ընկերությունը դեռևս չուներ HR բաժին, և իմ թեկնածությունը՝ որպես Մարքեթինգի և PR բաժնի ղեկավար, առաջարկել է մեր ֆինանսական տնօրենը՝ Լևոնը։ Տնօրինությանը հետաքրքրել էր իմ թեկնածությունը:
Առաջարկը լավն էր մի քանի տեսանկյունից․ Հայաստանում մարքեթինգի յուրաքանչյուր մասնագետի համար խնդիր է ստեղծագործ մտքերի և մասշտաբային նախագծերի կյանքի կոչելը, քանի որ հաճախ հանդիպում ենք մարքեթինգային բյուջեի խիստ սահմանափակ լինելուն կամ այլ սահմանափակումների՝ կապված հիմնադիրների պատկերացումներին չհամապատասխանելու հետ։ Իսկ Green Rock-ը մարքեթինգի հարցում շատ խստապահանջ լինելով հանդերձ բացարձակ ազատություն է տալիս ստեղծագործելու եւ վստահում է մասնագետին, պահանջվում է ցուցաբերել ոլորտում դեռևս չիրագործած մոտեցում, դու ազատ ես ստեղծագործելու․ չկա որևէ խոչընդոտ։Կարճ ասած, «Green Rock»-ում մտահղացումներս իրականացնելու ազատություն ձեռք բերեցի։
Սովորաբար մարդիկ ստեղծում եմ անձնական որևէ գործ պետական կամ մասնավոր ընկերություններում երկար աշխատելուց հետո։ Ձեր դեպքում տեղի ունեցավ հակառակը։
— Նորաձևության մարքեթինգի գործակալությունը կա և իմ թիմը ինքնուրույն շարունակում է աշխատել՝ ծառայոթյուններ մատուցելով նորաձեւության ոլորտի բիզնեսներին, պարզապես իմ անձնական ներգրավվածությունը հասցրել ենք նվազագույնի։
Շփոթմունք կա, որ եթե քո բիզնեսն ունես, ապա առաջին մոտիվացիան ղեկավար չունենալն ու սեփական առօրյան ազատ պլանավորելն է: Բարեբախտաբար, նման խնդիր չունեմ «Green Rock»-ում եւս: Ես մեծ թիմի մի մասն եմ այստեղ, և դա, որքան էլ տարօրինակ թվա, նույնիսկ հաճելի է՝ իմ մասին են հոգ տանում, ոչ թե ես եմ հոգ տանում, ինձ են աշխատավարձ տալիս, ոչ թե ես եմ տալիս)))
Բա՞րդ է աշխատել միաժամանակ մի քանի նախագծերի վրա, ինչպե՞ս եք պլանավորում օրը։ Ո՞րն է ամենահաճելի պահը Ձեր աշխատանքում։
— «Green Rock»-ում աշխատակիցն այստեղ կարևոր է ավելի, քան ցանկացած հայկական կազմակերպությունում․ընկերությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի իր աշխատակիցը Հայաստանում չգտնի ավելի լավ այլընտրանք։ Ամենահաճելին, իհարկե, այդ հոգատարությունն ու հնարավորություններն են՝ սովորելու, հմտություններն անվերջ զարգացնելու, գործարար կապերի շրջանակն ընդլայնելու:
Միաժամանակ մինչ 20 նախագծի վրա աշխատել սովոր եմ՝ մարքեթիգնային գործակալություն ունենալու բերումով, ուստի միաժամանակ պլանավորել եւ կյանքի կոչել մի շարք նախագծեր ստացվում է: Օրվա առաջին մասը նվիրում եմ թիմիս աշխատանքները ստուգելուն, գալիք առաջադրանքները պլանավորելուն, ապա սկսվում են զանգերը, հանդիպումները:
Ամենադժվար հատվածը Ձեր աշխատանքում։
— Մեր ընկերությունը հիմնվել է անցյալ տարվա փետրվար ամսին, սակայն երկար ժամանակ չի ունեցել մարքեթինգի թիմ։ Նախագծեր, մի շարք պայմանավորվածություններ և համաձայնություններ․ այս ամենը ենթադրում էր մարքեթինգի բաժնի ներգրավածություն։ Հետևաբար ամենածանր ժամանակահատվածը աշխատանքիս առաջին ամիսն էր՝ կարգավորելու, հասցնելու, լրացնելու նախորդ ամիսների բացերը: Նմանօրինակ բոլոր հարցերը գրեթե լուծել ենք, ուստի անցել ենք ընթացիկ ռազմավարական աշխատանքներին:
Դրանում ամենադժվարը փոփոխություններին արագ արձագանքելը, թիմիդ աշխատանքի ընթացքը այդ տեմպին ադապտացնելն է:
Թիմում ընդգրկված են իրենց ոլորտի լավագույն մասնագետները։ Ինչպիսի՞ կորպորատիվ մշակույթ է ձևավորվել։
— Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց համար կարևոր է վերջնարդյունքը, որոնք պրոֆեսիոնալ են իրենց գործում, համախոհներ են։ Եվ չնայած այն հանգամանքին, որ բիզնես նախագծերը շատ մաստշաբային են (իր հարցազրույցում այս մասին շեշտել է նաև մեր ֆինանսական տնօրեն Լևոնը) գործունեության այս փուլում մենք նախընտրում ենք սրտացավ հաղորդակցություն թիմի ներսում, յուրաքանչյուրը փորձում է առավելագույնս հեշտացնել նոր անդամի ներգրավվածությունը գործընթացին։
Իմիջիայլոց շատերս ունենք նաեւ նման հետաքրքրություններ։ Օրինակ՝ մեր զարգացման գծով տնօրենը՝ Վանանեն նորաձևության ինդուստրիայից է, մենք աշխատանքից դուրս հաճախ ենք հագուստին ու ոլորտին վերաբերվող քննարկումներ ունենում, Լևոնի սիրած ֆիլմը նաև իմ սիրելիների շարքից է (Խոսքը «The Great Beauty» ֆիլմի մասին է)։
Իսկ ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը։
— Ես խենթանում եմ ռեժիսոր Սորենտինոյի համար։ Սիրում եմ իր գրեթե բոլոր ֆիլմերը՝ «Երիտասարդություն»-ը (“Youth”) առանձնահատուկ։ Արվեստով հետաքրքրվածներին խորհուրդ կտամ իմ սիրելի քանդակագործին՝ Ալբերտո Ջակոմետիին նվիրված “Final Portrait” ֆիլմը: Դերասաններից Վենսան Կասելին ու Խավիեր Բարդեմին եմ շատ սիրում, գրեթե իրենց բոլոր ֆիլմերն էլ դիտել եմ: Նորաձեւության սիրահարներին էլ խորհուրդ կտամ “Mademoiselle C ֆիլմը” դիտել, որ նվիրված է Ֆրանսիական Վոգ ամսագրի գլխավոր խմմբագրի Կարին Ռոիթֆելդի գործունեությանը ու հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:
Իսկ, առհասարակ, կարողանու՞մ եք ժամանակ հատկացնել կարդալուն, ֆիլմեր դիտելուն։ Չէ՞ որ համատեղում եք երկու մասշտաբային աշխատանք։
— Դեռահաս տարիներին խստապահանջ եմ եղել ինքս իմ հանդեպ․ եթե այնքան ծանրաբեռնված էի լինում, որ օրինակ երեք ամիս շարունակ չէի հասցնում կարդալ կամ ֆիլմ դիտել, խուճապ էր սկսվում։ Գրեթե նույնն է նաեւ հիմա, փորձում եմ միշտ դրա համար ժամանակ գտնել:
Միշտ չեմ սիրել մոտիվացնող գրականություն, երբեք չեմ կարդացել։
Դպրոցական տարիներին ահռելի ծավալով գեղարվեստական գրականություն էի կարդում, ուսանող տարիներին՝ մասնագիտական:
Այսօր մասնագիտական ու գեղարվեստական գրականությունից զատ սիրում եմ Նժդեհ կարդալ։ Շատ կուզեի, որ երիտասարդների վերաբերմունքը այլ լիներ Ցեղակրոնի նկատմամբ:
Արդեն 3 ամիս է՝ Cartier բրենդի մասին պատմող գիրքն եմ կարդում: Գիրքը շատ հաստափոր է եւ տառերը շատ մանր են, Վարդանանքից հետո իմ ամենից դանդաղ կարդացվող գիրքն է:
Սովորաբար բրենդերի մասին պատմող գրքերը չեն տպավորվում, դրանք որպես պարտականություն եմ կարդում, մաքսիմալ ինֆորմացված լինելու համար, բայց
Cartier-ն շատ հետաքրքիր երեւույթ է:
Բրենդը, որ սպասարկել է թագավորական ընտանիքի և լյուքս դասի, մեր երկրում ընկալվում է այլ կերպ, մեր հասարակությունում սիրված են բրենդի ամենապոպուլյար գործերը, որոնք ես չեմ հասկանում եւ չեմ սիրում։ Գիրքը կարդալով՝ ավելի լավ ես ճանաչում բրենդի ակունքները, ամեն իկոնիկ դիզայնի ստեղծման պատմությունը: Իմիջիայլոց, գրքի հեղինակը բրենդի հիմնադրի ծոռնուհին է, որը, գիրքը գրելիս, օգտվել է հոր նամակներից։
Այս շարքի ավանդական հարցը՝ սո՞ւրճ, թե՞ թեյ։
— Տարիներ առաջ կպատասխանեի թեյ, այսօր՝ սուրճ, միանանակ։ Սուրճ չեմ խմում առույգ մնալու համար, իսկապես սիրում եմ համը, քաղաքի գրեթե բոլոր սրճարանների եւ մասնագիտացված խանութների սուրճը պարբերաբար փորձարկում եմ։