Ժամանակն է ծանոթանալ մեր աշխատակիցների հետ, բացահայտել նրանց ու իրենց դերը «Green Rock»-ում։
Այսօր զրուցել ենք ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Վանանե Արարքցյանի հետ։
— Վանանե, Դուք մեծ աշխատանքային փորձ ունեք, ո՞րն է հաջող բիզնես հարաբերություններ կառուցելու Ձեր մեթոդը:
Կարծում եմ, որ պետք է գտնել յուրաքանչյուր մարդու հետ շփման ձևը և ժպտալ, միշտ։)
— Ո՞րն է մինչ օրս ձեր ամենամեծ հաղթանակը:
Եթե խոսենք աշխատանքային բնագավառի մասին, ապա կփաստեմ, որ իմ բոլոր աշխատանքներում ես ունեցել եմ մեր երկրին և հանրությանը մեծ օգուտ բերելու ցանկություն և նպատակ։ Եվ ես կարծում եմ՝ դա ինձ մոտ մինչ օրս ստացվել է։
— Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր աշխատանքային օրը, և ի՞նչ դեր ունի պլանավորումը Ձեզ համար:
Աշխատանքային օրս միշտ պլանավորված է․ օրացույցում մշտապես նախօրոք նշված են բոլոր հանդիպումները։ Չեմ պատկերացնում կյանքս առանց պլանավորման, որովհետև թե՛ անձնական ու թե՛ աշխատանքային առօրյաս շատ հագեցած է։
— Նկարագրեք Ձեր սովորական աշխատանքային օրերից մեկը։
Աշխատանքային օրս սկսում է վաղ առավոտյան, կամ միանգամից եմ գրասենյակ շտապում կամ որևէ գործընկերոջ հետ նախաճաշելուց հետո։ Գրասենյակային անվերջանալի գործեր, լանչ գործընկերներիս հետ․․․ Օրն ավարտվում է անկանխատեսելի, նաև անկանխատեսելի ժամերին, հազվադեպ է ստացվում լքել գրասենյակը 18։00-ին ։)
— «Green Rock» ընկերությունում Զարգացման տնօրեն եք։ Ի՞նչ պարտականություններ է ենթադրում պաշտոնը, ի՞նչ ֆունկցիաներ եք կատարում։
Զարգացման տնօրեն լինելը, մասնավորապես նորաստեղծ ընկերությունում, բավականին պարտավորեցնող է, քանի որ ամեն բան սկսվում է 0-ից՝ բիզնես հարաբերությունների ստեղծում, գործընկերների հետ կոնտակտների հաստատում և այլն։ Սակայն, մեծ աշխատանքային փորձ ունենալն ու Հայաստանի շուկային ու կառույցների մեծամասնությանը բավականին լավ ծանոթ լինելը միանշանակ օգնում են ինձ։
— Ամենաբարդ պահը Ձեր աշխատանքում։
Բարդ հարց է։) Կարծում եմ՝ աշխատանքում ցանկացած խնդիր կարելի է լուծել ճիշտ մարդկային հարաբերություններ կառուցելու շնորհիվ։
— Ամենահաճելի պահը ձեր աշխատանքում։
Պետք է կրկնվեմ․ ամենահաճելին, երբ աշխատավայրում ճիշտ և գործնական միջավայր է։
— Դուք աշխատել եք նորաձևության ոլորտում՝ որպես նորաձեւության բաժնի ղեկավար։ Ինչպե՞ս ստացվեց աշխատանքային նման կտրուկ փոփոխությունը։
5 տարի շարունակ եղել եմ Հայաստանում ներկայացված միակ միջազգային ամսագրի նորաձևության բաժնի ղեկավարը, որից հետո տեղափոխվեցի բարեգործության ոլորտ՝ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ. այնտեղ 8 տարի շարունակ իրականացրել եմ ամենաբարդ աշխատանքներից մեկը՝ ֆոնդահայթայթում։ «Green Rock»-ում աշխատանքի անցնելուց առաջ ես նաև ղեկավարել եմ «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում»։ Այս ամենի արդյունքում ծանոթ եմ հայաստանյան բիզնես շուկայի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։
— Նախորդ պաշտոններում ձեռք բերած գիտելիքներն օգնու՞մ են Ձեր ներկայիս աշխատանքի պարտականությունները կատարելու հարցում, և արդյոք դժվարություններ չառաջացա՞ն մասնագիտական ու ոլորտի նման մեծ փոփոխությունների ընթացքում։
Այսօր բիզնես ոլորտում եմ և իմ տարիների փորձի, գիտելիքի, կրթության շնորհիվ մեծ սիրով ու եռանդով իրագործում եմ «Green Rock»-ի առջև դրված բոլոր նպատակներն ու մարտահրավերները։ Դժվարություններ չառաջացան, քանի որ փոփոխությունը միայն ոլորտային է, մարդկային հարաբերություններն ու աշխատանքային պրոցեսները նույնն են։
— Եվ վերջում այս շարքի ավանդական հարցը. սո՞ւրճ, թե՞ թեյ:
Շոկոլադ;)