Մեկնարկեց «Զբոսաշրջության» տարածաշրջանային համաժողով 2024»-ը

TRF_Web_Cover

Հոկտեմբերի 26-ին Դիլիջան քաղաքում տեղակայված Մոնթե ՄԵլքոնյան վարժարանում մեկնարկեց Զբոսաշրջության տարածաշրջանային առաջին համաժողովը, որի առանցքում էին զբոսաշրջության խթանումն ու տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։ Հատկապես ընգծված էր գործարար տուրիզմը ՝ MICE-ը։

Անգլերեն այս հապավմամբ նշվող զբոսաշրջության ուղղությունը ներկայումս ամենաարագ զարգացողներից մեկն է։ Այն բացվում է որպես  հանդիպումներ (meetings) պարգևատրումներ (incentives)  համաժողովներ (conferences) միջոցառումներ (events) և նշանակում տվյալ նպատակներով ճամփորդելը։

Ֆորումի նախաձեռնողն էր Green Rock կազմակերպությունը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջային կոմիտեի աջակցությամբ։

Տարածաշրջանային անդրանիկ քննարկմանն իրենց մասնակցությունն էին բերել պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի առանցքային խաղացողներ։

Միջոցառման բացման խոսքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը  նշեց Հայաստանում MICE զբոսաշրջության խթանման կարևորությունը ներկայիս աշխարհի զարգացումների պայմաններում՝ տարածաշրջանային համատեքստում, և ընգծեց, որ Հայաստանում ագրոտուրիզմը ևս պետք է դիտարկել որպես գործարար ճամփորդության հնարավոր զարգացման ուղղություններից մեկը։

Գործարար Վազգեն Գևորկյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի զբոսաշրջային բրենդավորման խնդիրը առայժմ մնում է առկախված։ Նա նաև շեշտեց բնապահպանական խնդիրներն ուշադրության կենտրոնում ունենալու, ինչպես նաև ոլորտի ներդրումային գրավչությունն ապահովելու կարևորությունը։

Ֆորումին ներկա ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի ղեկավար  Միշել ՄաքՔենզին իր բացման խոսքում ներկայացրեց  MICE զբոսաշրջության առանձնահատկություններն ու զարգացման միտումները, ինչպես նաև նոր ի հայտ եկած տերմինի՝ «bleisure» բացատրությունը, որը բիզնեսի և հաճույքի համադրությունն է։

ՄաքՔենզին ընդգծեց, որ չնայած մշակութային ու ավանդութային ընդհանրություններին՝ Հայաստանն ու Վրաստանն այնուամենայնիվ առանձնանում են իրենց ուրույն դիմագծերով։ Նա գտնում է, որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է լավ աշխատել նաև գործարար զբոսաշրջության դեպքում, սակայն նշում է մայրաքաղաքից բացի շրջանների ու մյուս քաղաքների  զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին։  ՄաքՔենզին հատկապես հիացած է հայկական խոհանոցով ու գինով, վերջինից նախորդ այցելության ժամանակ բավականաչափ վերցրել է։

ԱՄԷ-ից հյուրընկալության ոլորտի փորձագետ Աբդուլսալեմ Քայալին առանձնացնում է Հայաստանի ժողովրդի առանձնահատուկ ջերմությունը որպես զբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը։ Քայալին արդեն ծանոթ էր հայկական հյուրասիրությանը, սակայն նա առանձնապես տպավորված է հայերի՝ զբոսաշրջիկների հանդեպ հատուկ ցուցաբերած վերաբերմուքից և հատկապես փոքր երեխաներով ճանապարհորդող ընտանիքների նկատմամբ։

«Օդանավակայանում գոյացած մեծ հերթերի ժամանակ նկատեցի, որ անվտանգության ծառայողը հատուկ շեշտեց, որ հերթում կանգնած փոքր երեխաներով ընտանիքներին տրվում է առաջնահերթություն․ սա իսկապես շատ կարևոր է, այն ցույց է տալիս մարդու նկատմամբ ձեր ունեցած վերաբերմունքը, որն անշուշտ հյուրընկալության բարձր մակարդակի մասին է խոսում»։

Քայալին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների թվում նշեց չափազանց համեղ սնունդը, երկրի բնակլիմայական պայմաններն ու տեսարժան վայրերով հարուստ լինելը։ Նա նաև շեշտեց, որ Հայաստանը ԱՄԷ գործարարների համար ունի ներդրումային գրավչություն։

Քայալին կարևորում է Հայաստանի մասնակցությունը զբոսաշրջային ցուցադրություններին որպես ճանաչելիության ապահովման գրավական։ Նա նաև նշում է Սփյուռքի հայերի՝  որպես Հայաստանը օտարներին ներկայացնող դեսպանների դերը։

Իտալիայից ժամանած «Ապրիցիուս» միջազգային հյուրնկալության դպրոցի հյուրընկալության մենեջեր, տուրիզմի փորձագետ Սալվատորե Պրոկոպիոն նույնպես տպավորված է հայերի ջերմությամբ, որը շատ նման է իտալականին։ Նա ասում է, որ համեղ սնունդից ու գինուց բացի Հայաստանը զբոսաշրջիկներին կարող է առաջարկել իր նրբագեղ արվեստների վայելչությունը։  Պրոկոպիոն նույնպես շեշտեց ամենատարբեր միջոցներով, այդ թվում նաև՝ անվանի բլոգերների հրավիրելու, երկրի մասին պատմող ֆիլմեր նկարահանելու միջոցով։

«Պիտի հիշեք, որ չափազանց կարևոր է անվերջ ու անընդհատ խոսել ձեր մասին, որպեսզի դառնաք ճանաչելի», — ասում է նա։

Կարևոր մարտահրավերներից Պրոկոպիոն հատկապես նշում է ոլորտի գրավչությունը երիտասարդ աշխատակիցների համար պահպանելը․

«Իտալիայում երիտասարդներին սկսել է արդեն չհրապուրել հյուրընկալության ոլորտում աշխատանքը, քանի որ վերջիններս ձգտում են ավելի բարձր աշխատավարձով ու հեռանկարներով կարիերայի։ Կարծում եմ, որ Հայաստանը կանգնելու է շուտով նույն խնդրի առջև»։

Երիտասարդների համար ոլորտի գրավչությունը պահպանելու նպատակով Իտալիայի կառավարությունը հյուրանոցների  ու հյուրատների աշխատակիցների համար սուբսիդիաներ է սահմանել։

«Էռնըստ ընդ Յանգ» ընկերությունը ներկայացնող, տուրիզմի և հյուրընկալության միջազգային փորձագետ Նիկոլայ Կովալյովը առաջին անգամ չէր Հայաստանում։ Նախորդ այցելության ժամանակ արդեն հասցրել էր բավականաչափ ուսումնասիրել ու հիանալ մեր երկրով։ Ըստ նրա՝ Հայաստանն արդեն բավականաչափ սիրված է հատկապես ռուս զբոսաշրջիկների շրջանում, ովքեր այստեղ են ժամանում նաև իրենց կորպորատիվ միջոցառումները նշելու նպատակով։ Սակայն Միջինասիական երկրների համար, օրինակ, այն դեռևս մնում է ոչ բավարար հետազոտված։

Ներդրումների աջակցության կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանն ընգծեց, որ տուրիզմի ոլորտում Հայաստանում արդեն բավականաչափ օտարերկրյա ներդրումներ կան, ինչը փաստում է մեր երկրի ներդրումային գրավչության մասին, սակայն անելիքներ դեռ շատ կան։

Ֆորումի առաջին օրվա ընթացքում մասնակիցները վայելեցին հայ դիզայներների բացառիկ աշխատանքները՝ ներկայացված Նորաձևության և դիզայնի պալատի կողմից, ինչպես նաև խաչքարագործության և գորգագործության արվեստի նմուշներ։

Ֆորումի ընթացքում նախատեսված պանելային քննարկումները՝ «MICE զբոսաշրջությունը տարածաշրջանում․ զարգացման հնարավորություններ», «Նորարարություններ և ներդրումային հնարավորություններ MICE զբոսաշրջության ենթակառուցվածքների և ծառայությունների մեջ» թեմաներով, ընթացան թեժ մթնոլորտում։ Մինչև աշխատանքային օրվա ավարտը լեփլեցուն դահլիճում հնչեցին նորարարական գաղափարներ ու զարգացման հեռանկարների շուրջ ընթացան ակտիվ քննարկումներ։

Մարիամ Բադալյան

«Ազգային ցանց» մեդիա և մշակութային հաղորդակցության հարթակ` հիմնադրամ Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի տեղեկատվական գործընկներ:

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր