Գրին Ռոքն արժանացել է պատվավոր ոսկե մրցանակի՝ հեղինակավոր Architecture & Design միջազգային մրցանակաբաշխության (IADA) 5-րդ թողարկման շրջանակում։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Architecture & Design Community (ADC)-ն և համարվում է ոլորտի առաջատար միջազգային հարթակներից մեկը։
Այս տարի մրցանակաբաշխության աշխարհագրությունը ներառել է 53 երկիր․ կարճ ցուցակում ընդգրկված են եղել ավելի քան 500 նախագծեր։ Հետևելով ոլորտի զար5գացումներին՝ այս տարվա թողարկումը ներառել է նաև արհեստական բանականությանը նվիրված նոր անվանակարգեր՝ ընդգծելով ոլորտի աճող ազդեցությունը ճարտարապետության և դիզայնի ոլորտում։
Մրցույթում ներկայացված բոլոր նախագծերը գնահատվել են միջազգային հեղինակավոր ժյուրիի կողմից՝ կազմված ոլորտի առաջատար մասնագետներից, որոնք հայտնի են իրենց ստեղծագործական գործունեությամբ, քննադատական մտածողությամբ և դիզայնի համաշխարհային զարգացման մեջ ունեցած ներդրմամբ։
Ոսկե մրցանակ․ Դիլիջանի Բազմաֆունկցիոնալ համալիր
Գրին Ռոքի ներկայացրած և հաղթող ճանաչված նախագիծը բազմաֆունկցիոնալ համալիր նախաձեռնություն է, «քաղաք քաղաքի մեջ» ձևաչափով մշակված էկոհամակարգ Դիլիջանում։ Նախագիծը միավորում է հյուրընկալությունը, մշակույթը, գաստրոնոմիան, մանրածախ առևտուրը և հանրային տարածքները՝ դառնալով կենտրոն քաղաքի բնակիչների և այցելուների համար։ Նախագծի սրտում են գտնվում 210 սենյականոց հյուրանոցային համալիրն ու 600 տեղանոց երաժշտական սրահը, հյուրընկալության դպրոցն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև սրճարաններ, զբոսայգու տարածքներ, կինոթատրոն, coworking տարածք։ Նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել զբոսաշրջությունը՝ հավասարակշռելով սեզոնային հոսքերը, ստեղծել երկարաժամկետ աշխատատեղեր և ամրապնդել Դիլիջանի դիրքը որպես մշակութային և զբոսաշրջային կենտրոն՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
Գտնվելով ազգային պարկի պահպանվող տարածքում՝ Դիլիջանն ունի բնապահպանական և ձևաբանական լուրջ սահմանափակումներ։ Կարևորելով Դիլիջանի առանձնահատկությունները, Գրին Ռոքի ճարտարապետությունը հիմնված է տեռասային կառուցապատման տիպաբանության, նվազագույն հողային միջամտություն և տեղական ճարտարապետական ավանդույթներին համահունչ նյութական լուծումների վրա։
Միջազգային ժյուրին հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ կայունության սկզբունքները ներառված են նախագծման փուլից՝ BIM համակարգերի վրա հիմնված համակարգմամբ, value engineering մեթոդաբանությամբ և դիմացկուն շինարարական լուծումներով։ Օրինակ՝ համայնքային հաբի շենքը նախնական EDGE գնահատմամբ ապահովում է շուրջ 35% էներգախնայողություն, 30% ջրի խնայողություն և 39% նվազում ածխածնային հետքի մեջ։
IADA-ի մասին
Architecture & Design միջազգային մրցանակաբաշխությունն (IADA) անցկացվում է ամեն տարի՝ գնահատելով և խրախուսելով համաշխարհային լավագույն նախագծերը ճարտարապետության, ինտերիերի, արտադրանքի, դիզայնի, լանդշաֆտային, վեբ և արհեստական բանականության ոլորտներում։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Architecture & Design Community (ADC)-ն։ Այն համաշխարհային հարթակ է ճարտարապետների և դիզայներների համար՝ միավորված պատասխանատու, գիտակցված և ժամանակակից դիզայնի գաղափարով։ Կազմակերպությունը խթանում է էկոլոգիապես կայուն մոտեցումները և տեխնոլոգիաների ներդրումը ժամանակակից միջավայրերի ձևավորման մեջ։