Ի՞նչ է Ձեզ համար կայուն զարգացումը Հայաստանում:
Կայուն զարգացումը` զարգացումն առանց աճի, միտում է, որն ի հայտ է եկել նախ զարգացած երկրներում: Այսօր ավելի շուտ կարելի է խոսել շրջանաձև տնտեսության մասին՝ վերամշակման և երկրորդային օգտագործման միջոցով կենսացիկլի առավելագույն ապահովման նպատակով:
Այս միտումը նկատելի է ամբողջ աշխարհում, և Հայաստանն այս պարագայում բացառություն չի կազմում, սա արդեն միտում չէ, այլ անհրաժեշտություն։
Հանդիպե՞լ եք, արդյոք, յոգուրտ՝ վերամշակված պլաստիկից պատրաստված բաժակներում կամ վերամշակված նյութերից պատրաստված հագուստ:
Բնապահպանական շատ չափանիշներ խրախուսում են շինանյութերի վերամշակումը:
Չպետք է նաև մոռանալ, որ Հայաստանը վավերացրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագիրը։ Սա կայուն զարգացման կարևորագույն նպատակներից մեկն է։
Ի՞նչ ընթացիկ մարտահրավերների է բախվում Հայաստանը կայուն զարգացման հասնելու հարցում:
Գրեթե բոլոր երկրները 10, 20, 30 տարվա նպատակներ են սահմանում։ Արդյո՞ք նրանց հաջողվում է կյանքի կոչել այդ նպատակները: Ոչ, բայց բոլորն առավելագույն ջանքեր են գործադրում, զարգացած տնտեսություններն օգնում են զարգացող տնտեսություններին, քանի որ մենք ունենք միայն մեկ մոլորակ:
Ցանկացած երկրի և, մասնավորապես Հայաստանի համար խնդիրը տնտեսական աճի և կայուն զարգացման սկզբունքների ներդրման «գնի» միջև հավասարակշռություն գտնելն է։
Ինչպե՞ս է Հայաստանը հավասարակշռում տնտեսական աճն իր մշակութային և բնական ժառանգության պահպանման հետ:
Մշակութային և բնական ժառանգությունը խթանում են տնտեսական աճը։ Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է, և հենց մշակութային և բնական վայրերն են գրավում զբոսաշրջիկներին։
Կարո՞ղ եք առանձնացնել Հայաստանում իրականացվող կայուն զարգացման որևէ հաջողված ծրագիր կամ նախաձեռնություն:
Առավել ակնհայտն արևային էներգիայի զարգացումն է։ Կարևոր է նշել նաև թափոնների կառավարման կամ վերամշակման նախաձեռնությունները:
Ի՞նչ դեր ունի պետությունը կայուն զարգացման խթանման գործում և որքանո՞վ են արդյունավետ գործադրվող ջանքերը:
Անմիջական, քանի որ հենց պետությունն է ձևավորում կայուն զարգացման նպատակներին հասնելու ծրագրերը:
Ինչպե՞ս կարող է մասնավոր հատվածն օժանդակել Հայաստանում կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում:
Տարբեր եղանակներով՝ պայմանավորված գործունեության ոլորտից։ Օրինակ, սրճարանի սեփականատերը կարող է կոմպոստի վերածել սննդի թափոնները: Կառուցապատող ընկերությունները՝ կառուցել շենքեր միջազգային «կանաչ» չափանիշներին համապատասխան: Բանկերը կարող են տրամադրել արտոնյալ վարկեր «կանաչ» նախագծերի իրականացման համար:
Տարածված կարծիք կա, որ «կանաչ» շինարարությունը մեծ ներդրումներ է պահանջում։ Տարբեր գնահատականներով և կախված որոշումներից, ծրագրի իրականացման մեջ ներդրումներն ավելանում են ընդամենը 2-5%-ով, բայց միևնույն ժամանակ դուք կրճատում եք գործառնական ծախսերը, երկարացնում եք շենքի կյանքը, ինչպես նաև ապահովում հարմարավետ և առողջ պայմաններ: Հաճախ միայն նման նախագծերում է հնարավոր միջազգային ներդրումներ ներգրավել։
Որո՞նք են Հայաստանի բնապահպանական հիմնական խնդիրները, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։
Բնապահպանական խնդիրներն առաջանում են մարդկային խիտ ծանրաբեռնվածություն ունեցող տարածքներում։ Հիմնական մտահոգություններից մեկը քաղաքներում օդի որակն է, որի աղտոտվածությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մարդկանց առողջության վրա: Սևանա լճի խնդիրն այնքան սուր չէ, որքան Արալյան ծովինը, սակայն այն խիստ կենսական է որպես խմելու ջրի մատակարարման կարևոր աղբյուր և էկոհամակարգային բնական օբյեկտ։
Կարո՞ղ եք խոսել Հայաստանի քաղաքացիների շրջանում կայուն գործելակերպի խթանման ուղղությամբ կրթության և իրազեկման դերի մասին:
Նույնիսկ պարզ սովորություններ ձևավորող փոքր նախաձեռնությունները շատ կարևոր են: Օրինակ, անգամ մարտկոցներ և կոտրված կենցաղային տեխնիկա հավաքելն արդեն կարող է ներդրում համարվել էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի սպառման նվազեցման պարզ միջոցառումների մասին տեղեկատվությունը կարող է ոգեշնչել բնակչությանը:
Ինչպե՞ս է Հայաստանն էներգիայի վերականգնվող աղբյուրներն ընդգրկում իր զարգացման ծրագրերում:
Այս պահի դրությամբ վերականգնվող էներգիայի աղբյուրները արտադրում են էներգիայի 30%-ից մի փոքր պակաս, ինչը համեմատական է Հայաստանում ատոմային էներգիայի արտադրության հետ։
Հայաստանում քամու և արևային կայանների կառուցման «բում» է սկսվել: Երկրի կլիման բարենպաստ է դրա համար, և միջազգային ֆինանսական կառույցները նպաստում են նման նախագծերին։
Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի համար կայուն զբոսաշրջության ոլորտում առաջատար դառնալու ուղղությամբ:
Գոյություն ունի տուրիզմ բնությանը մոտ լինելու համար։ Ուսապարկ, վրան և՝ դեպի սարեր։ Բայց այս ռոմանտիզմը բոլորին չէ հատուկ։
Զբոսաշրջությունը՝ նոր հույզեր են, ինչ-որ նոր բանի բացահայտում, բայց միևնույն ժամանակ՝ հարմարավետ պայմաններ։
Կարևոր է, որ զբոսաշրջիկները կարողանան վայելել գեղեցիկ բնությունը, այցելել պատմական վայրեր, խորասուզվել ազգային մշակույթի մեջ և համտեսել տեղական խոհանոցի ճաշատեսակները: Բոլոր այս երթուղիները պետք է հագեցվեն այցելությունների հարմարավետության, ինչպես նաև ազգային ժառանգության պահպանման նպատակով:
Հույզերի հագեցվածությունը ենթադրում է հարմարավետ հանգիստ միջազգային մակարդակի սպասարկում ապահովող հյուրանոցներում։ Հայտնի է, որ նման հյուրանոցներում էներգիայի և ջրի մեծ սպառում է ենթադրվում, և, քանի որ վերջիններիս գինը ներառված է սենյակի արժեքի մեջ, հյուրը հոգեբանորեն պատրաստ չէ խնայելու այն։ Ուստի շատ կարևոր է, որ հյուրանոցի օպերատորը լուծումներ նախատեսի ոչ միայն համապատասխան հարմարավետության, այլև ռեսուրսների խնայողության համար: