Մանկությանս «Օղակաձև այգին». Լուսանկարիչ՝ Արեգ Բալայան

Մենք մեկնարկել ենք «Այգու դիմանկարը» խորագրով նախագիծը, որի շրջանակում երեւանյան սիրված լուսանկարիչները կլուսանկարեն Օղակաձև զբոսայգու որեւէ հատված՝ ներկայացնելով այգին իրենց աչքերով:

Լուսանկարիչները չեն ունեցել որեւէ սահմանափակում՝ թեմայի կամ հատվածի ընտրության հարցում, ուստի Դուք կտեսնեք նրանց ստեղծագործական մոտեցումը։

Դե ինչ, սկսենք։
Առաջին լուսանկարիչը, ում լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Արեգ Բալայանն է՝ Երեւանում հաճախ հանդիպող «բլօջիկներ»-ի հեղինակը։

A picture of the fountain-monument

Ռաֆո

Մեր տանն էդպես էին կոչում ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին, քանի որ նա տատիկիս քեռին էր և իր տունը էն միակ տեղերից էր, ուր տատիկի ու պապիկի հետ հաճախ այցելում էինք էն մութ ու ցուրտ տարիներին։ Աղբյուրի հեղինակը Ռաֆոն ա։

A picture of a fountain

Շատրվաններ

Մի լուսավոր ու երբեմն թաց կետ, որտեղ կարողանում եմ «հանդիպել» մանկությանս ընկերներին, Տատիկին և ինձ՝ խորը թվացող ջրում։

A picture of the horizontal bar

«Տուռնիկներ»

Մեր տունը «Շախմատի տան» դիմացի բակում էր՝ «Կամենդատուռայի» շենքում, ու ամառային արձակուրդները սկսվելուն պես մեզ այլևս բակում դժվար էր գտնելը. բոլորս մեզ գցում էինք այգի ու տուն էինք գալիս ուշ երեկոյան՝ մեր կամքին հակառակ։ Սա միակ «տուռնիկն» է, որ մնացել է իմ՝ էն ժամանակներից, իսկ դրանց կողքին էլ բացօթյա «Սկիֆ» լողավազանն էր։

 

The statue of Armen Tigranyan

Արտաշ

Արմեն Տիգրանյանի արձանի ստեղծմանը մի փոքրիկ ներդրում ունեմ. Արտաշես Հովսեփյանի(քանդակագործի) համար մեկ-մեկ ընդմիջմանը ուտելիք էինք տանում Տատիկիս հետ. Տատիկիս քրոջ ամուսինն էր՝ Ռաֆոյի փեսան։

A picture of a tree

Կոշկակարի դանակ

Մեր շքամուտքի աստիճաններից մի կոշկակարի մեծ դանակ էի գտել։ Նոտաներիս պայուսակում տանում էի հետս դասի (հետին պլանում գտնվող շենքը երաժշտական դպրոցս էր)։ Էս ծառն ու իր հարևան ծառերը տրամվայի կանգառին շատ մոտ էին գտնվում, իսկ էդ թվերին հաճախ երկար էինք սպասում կանգառում։ Ծառերը դարձան դանակիս թիրախ։ Ահագին վարժվել էի, իսկ տարիներանց էդ հմտությունս բանակում պետք եկավ։

 

A Picture of the base of the monument

«Էվերեստ»

Էս քանդակը առաջին բարձունքներից էր, որ հաղթահարել եմ՝ երևի երկու տարեկանում։ Շատ բարձր ու բարդ էր թվում։ Հետո մեծացա ու պարզեցի, որ հեչ էլ բարձր չի։ Հետո էլի մեծացա ու էս լուսանկարն անելուց պարզեցի, որ քանդակից մնացել ա միայն տակի հատվածը։ Պակասող մասը պոկել ու երևի հանձնել են որպես արժեքավոր մետաղ։

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր